Դեպի բարձունք

Դեպի բարձունք

Կրթվե՛նք, զորանա՛նք, բարձրանա՛նք

Ի՞նչ է

«Դեպի բարձունք» նախագիծը մեր կրթական շարժման հենասյուներից է։ Այն անձնային աճի և համայնքային զարգացման ակումբային ձևաչափ է՝ նախատեսված դպրոցականների համար։

«Դեպի բարձունքը» միջավայր, փորձագիտական ներուժ և մեթոդաբանություն է՝ միտված աշակերտների անձնային շարունակական աճի, էկոլոգիական մտածելակերպի խթանմանը, ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և փոփոխվող աշխատաշուկայում առավել արդյունավետ կողմնորոշման ապահովմանը։

Ի՞նչ է Դեպի բարձունքը
Ինչի՞ համար է

Ինչի՞ համար է

Նախագիծը ներգրավում է VII-XII դասարանների աշակերտներին։ Դպրոցական կրթության այս փուլում աշակերտները ապագայի իրենց ծրագրերը հստակեցնելու, մասնագիտական աճի ուղին որոշելու, ինչպես նաև դպրոցի, համայնքի և, ընդհանուր առմամբ, երկրի նկատմամբ իրենց պատասխանատվության աստիճանը հասկանալու կարիք ունեն։

 

Այս հարցերը առավել քան արդիական են, քանի որ երկիրը գտնվում է լրջագույն փոխակերպումների փուլում, իսկ համաշխարհային դաշտում տեղի են ունենում բարդ վերադասավորումներ, տեխնոլոգիական ճեղքումներ և համամոլորակային բազմաթիվ խնդրահարույց գործընթացներ:

 

Այս պայմաններում խիստ կարևոր է աշակերտերի շրջանում  անձնային շարունակական աճի ուժգին մղում սերմանելն ու արդի իրականության մեջ կողմնորոշվելու և պատասխանատու դիրքորոշում որդեգրելու գործընթացներում նրանց աջակցելը։

Ինչպե՞ս

Կրթական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Բարձունք» կրթական շարժման կամավորների և փորձագիտական թիմի կողմից։ Ծրագիրն ունի չորս հիմնական աշխատանքային ուղղություններ՝

 

  • անձնային աճ
  • դպրոց – համայնք – պետություն
  • մարդ – բնություն կապ
  • մասնագիտական կողմնորոշում

 

Ծրագիրը հարուստ է խաղայնացման տարրերով, որտեղ մասնակիցները վաստակում են հայկական լեռների անունները կրող մետաղադրամներ՝ սկսած Արա լեռից մինչև Արարատ։ Յուրաքանչյուր արդյունավետ մասնակցություն, ավարտված նախագիծ կամ ձեռք բերված հմտություն մասնակիցներին բերում է նոր մետաղադրամներ, որոնք հետագայում կարող են փոխանակվել տարբեր մրցանակներով։

 

Այս մասին ավելին կաևող ես  իմանալ մեր Առաջնորդների աղյուսակում․

Ինչպե՞ս

Որտե՞ղ և ե՞րբ

«Դեպի բարձունք» առաջին ակումբը 2022թ.-ից գործում է Արարատի մարզի Այնթապ գյուղում։ Այժմ «Դեպի բարձունք» ակումբները գործում են Հայաստանի 7 մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 17 դպրոցներում։

Որտե՞ղ և ե՞րբ

Ի՞նչ արդյունքներ ակնկալել

Նախագծի ավարտին, որը նաև նոր սկիզբ է, քանի որ խմբակի անդամների հետ մեր ճամփորդությունը շարունակական բնույթ ունի,  աշակերտները կարող են․

  1. մշակել սեփական անձնային աճի նախագծեր և ապահովել շարունակական կրթության գործընթացը բազմազան կրթական գործիքներով,
  2. ավելի արդյունավետ աշխատել գրականության և առցանց կրթական ռեսուրսների հետ,
  3. կիրառել ԱԲ-ի վրա հիմնված նորարարական աշխատանքային գործիքներ և վարել հիբրիդային աշխատանք նման տեխնոլոգիական լուծումների հետ,
  4. մշակել և վարել բնությանը առավել քիչ վնաս պատճառող կենսակերպ՝ խնամքով վերաբերվելով իրենց միկրոէկոմիջավայրին,
  5. ավելի լավ ճանաչել և արժեւորել ՀՀ բնական, կենսաբանական և պատմամշակությաին հարստությունը,
  6. վերլուծել իրենց տարբեր մակարդակների համայնքների (դպրոց, համայնք, պետություն, մոլորակ) խնդիրները և մշակել դրանց լուծման նորարարական և ստեղծարարական լուծումները,
  7. կողմնորոշվել վերջին ժամանակներս խիստ փոխակերպումների ենթարկվող աշխատաշուկայում և ճանաչել վերացող և նոր առաջացող մասնագիտությունները:

Կարևոր է իմանալ

Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկա 10 տարում ակումբներ ստեղծել 200 դպրոցներում, դպրոցի աշակերտների առնվազն 20%-ի ներգրավմամբ։

 

Աջակցի՛ր ծրագրին։ Քո ներդրմամբ օգնի՛ր կրթվել, զորանալ և բարձրանալ այսօր։

Կարևոր է իմանալ

Աշխտանքային թիմ

Արեգ Թադևոսյան

Արեգ Թադևոսյան

Կրթության փորձագետ, Ախ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ, որովհետեւ այստեղ տեսնում եմ արժեքահեն, երկարաժամկետ եւ ռազմավարական գործունեություն ծավալող հիանալի մարդկանց իրական մեծ թիմ։ Այստեղ ունենք Հայաստանի եւ աշխարհի ապագայի տեսլական, որը ամբողջապես կիսում եմ։ Կարևոր է նաեւ, որ սա հենց կրթական շարժում է, որը խնդիր է դրել մոբիլիզացնել բոլոր առողջ ուժերին»։

Գեղամ Օհանյան

Գեղամ Օհանյան

ԱԽ անդամ

«Ես «Բարձունք»-ում եմ, որովհետև այստեղ առավելագույնս արդյունավետ եմ երկրի շենացման գործում։ Այստեղ կա թիմային ընկալում, ռազմավարական հեռահար մոտեցումներ և այդ ամենը սեփական ջանքով իրականացնելու մղում։ Այստեղ կա սեր ու կա լույս։ Մենք «Բարձունք»-ում սովորում ենք ավելի ու ավելի մեծ պատասխանատվություններ վերցնել՝ չվախենալով, որ կձախողենք։«Բարձունք»-ում բարձրանում ու բարձրացնում են։ «Բարձունք»-ում  ես ավելին եմ, քան կամ։ Մենք ունենք 20 տարվա ծրագիր և հավատ, որ մարդիկ կմիանան պետականաշինության այս մեծ գաղափարին»։

Աստղիկ Մախսուդյան

Աստղիկ Մախսուդյան

Նախագծի ղեկավար

Միացել եմ «Դեպի բարձունք»-ին, որովհետև «ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»։ Միացել եմ մասնիկը դառնալու համար այն պայծառ սերնդի, որ ապագայում պետք է լուսավորի ու զորացնի Հայաստանը։

Մհեր Սանոսյան

Մհեր Սանոսյան

Համակարգող

Կրթությունը հիմքն է, որով կերտվում են սերունդներն ու երկրի ապագան։ «‎Դեպի բարձունք»‎-ը միավորող ուժ է՝ այդ հիմքերը ստեղծելու, նոր սերունդներին կրթելու, ովքեր համայնքի ու պետության առաջընթացի շարժիչ են։