«Դեպի բարձունք» ծրագիրն ամփոփեց 2025 թվականը

24/12/2025 Ընթերցման ժամանակը - 7 րոպե
Նյութի հեղինակ՝ Գայանե Թունյան

 

Դեկտեմբերի 23-ին կայացավ «Դեպի բարձունք» ծրագրի տարեկան համագումարը։ Այս տարի «Բոհեմ» թատրոնը հյուրընկալեց ավելի քան 250 ակումբականների՝ Երևանից և Հայաստանի տարբեր համայնքներից՝ «Դեպի բարձունք»-ի երրորդ համագումարին։ Նրանք եկել էին միասին ամփոփելու տարին, կիսվելու իրենց նվաճումներով, շնորհավորելու միմյանց և, իհարկե, պարգևների արժանանալու։

 

Համագումարը մեկնարկեց «Բարձունք»-ի հիմնով՝ «Սարդարապատ»-ով։ Այնուհետև ծրագրի համակարգող Աստղիկ Մախսուդյանը թիմակիցների հետ ներկայացրեց տարվա արդյունքները․ այս պահին գործում է 16 ակումբ, որոնց շուրջ 400 ակումբական ակտիվ ներգրավված են խաղայնացման գործընթացում։ Ընդհանուր ակումբականների թիվն արդեն հատել է 500-ը, իսկ 2026 թվականին ակնկալվում է ևս 200–250 նոր ակումբականի ներգրավում՝ առաջիկայում հիմնվելու են ևս 12 նոր ակումբներ։

 

Խաղայնացման թիմից Անուշը նշեց, որ տարվա ընթացքում ակումբականները կատարել են բազմազան առաջադրանքներ՝ կարդացել գրքեր, դիտել ֆիլմեր, կազմակերպել մաքրապատման, ճանաչողական և համայնքային միջոցառումներ։ Առաջադրանքների դիմաց վաստակած «լեռնադրամները» նրանք փոխանակել են տարբեր պարգևներով։

 

Հատկանշական է, որ խաղային «աշխարհները» կրում են Հայկական լեռնաշխարհի գագաթների անունները՝ Արա լեռից մինչև Արարատ։ Այս տարի «Արա լեռ» աշխարհը հաղթահարել և Արմաղանի գագաթ հասել են 6 ակումբականներ, իսկ մյուսները շարունակում են իրենց ընթացքը Արա լեռան լանջերում։

 

Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվեցին ոչ միայն առաջադիմած ակումբականները, այլև ակումբները։ «Իմաստուն» տիտղոսը նվաճեց Նորավանի ակումբը, «Արարող»-ը՝ Գետարգելի ակումբը, իսկ «Հզոր»-ը՝ Մաստարայի ակումբը։

 

Միջոցառմանը ներկա էին նաև ծրագրի աջակիցները, կամավորներն ու գործընկերները։ Օրվա ընթացքում ցուցադրվեց նախագծի մասին պատմող կարճ, բայց հուզիչ ֆիլմ՝ համակարգողների, ակումբականների և աջակիցների մասնակցությամբ։

 

Ծրագրի պատասխանատուներից Գեղամը իր խոսքում ընդգծեց, որ ապագայի հույսը տեսնում է հենց այս սերնդի մեջ՝ նշելով, որ հաճախ էներգիա է ստանում նրանցից. «Նրանց գալը ինձ հիշեցնում է, թե ինչպես է նոր օրը բացվում, ինչպես է առավոտյան արևը դուրս գալիս ու նոր իրականություն բերում իր հետ»։

 

Խաղայնացման թիմից Մարին հավելեց, որ ինքն էլ այդ սերնդի ներկայացուցիչն է և վստահ է՝ հույս կա, լույս կա, և իրենք պիտի դառնան այն փոփոխությունը, որի մասին ամբողջ թիմով երազում են։

 

Ակումբականների խոսքում բազմիցս հնչեց մի կարևոր միտք՝ նրանք ցանկանում են ապրել հայրենիքում և պատասխանատվություն վերցնել երկրի համար․ գիտակցում, որը շատերի մոտ ձևավորվել է հենց «Դեպի բարձունք»-ում։

 

Համագումարին իր կատարումներով հանդես եկավ «Խազեր» երգչախումբը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ երգի մաքրությունն ու հարազատությունը։ Օրը եզրափակվեց ազգային շուրջպարով Ազատության հրապարակում՝ «Վարը Վարենկ»-ի առաջնորդությամբ։

 

Ակումբականները վերադարձան համայնքներ՝ ոգևորված ու լիցքավորված՝ իրենց հետ տանելով ջերմություն և լույս՝ արդեն իսկ սպասելով հաջորդ հանդիպմանը։

 

Ծրագրի կրթական և գաղափարական պատասխանատուներից Արեգը իր խոսքում նշեց․
«Ակումբականները մեր գործընկերներն են։ Մենք նրանց համար որևէ բան չենք անում․ մենք բոլորս միասին լավ բան ենք անում մեր ու մեր երկրի համար՝ կառուցելու այն երկիրը, որի քարտեզը կա յուրաքանչյուր ակումբում և որը պիտի դաջվի մեր բոլորի մտքում ու սրտում»։

 

Եվ հենց այս մոտեցմամբ է, որ դպրոցականները պարզապես ծրագրի մասնակից չեն, այլ համահեղինակներ են մի ճանապարհի, որը շարունակական աճի, համատեղ մտագործունեության և պատասխանատվություն վերցնելու արդյունքում բոլորիս տանում է դեպի բարձունք՝ այնտեղ, որտեղ մեր երազանքի հայրենիքն է։

 

📌 Հիշեցում․ «Բարձունք» կրթական շարժումը իր բոլոր նախագծերն իրականացնում է կամավորների և նվիրատուների աջակցությամբ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ և շարժմանը միանալ՝ www.bardzunk.am կայքում։

 

Հեղինակներ:
935 Դիտում