Ճանաչենք․ նա Աննա Կիրակոսյանն է
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Հայաստանում կամավորական շարժումները վերջին տարիներին մեծ թափ են հավաքում՝ դառնալով ոչ միայն ինքնազարգացման, այլև հայրենիքին ծառայելու կարևոր հարթակներ։ Այդպիսի նախաձեռնություններից է «Բարձունք» կրթական շարժումը, որի «Դեպի բարձունք» և «Հայքի շառավիղներ» ծրագրերի հաղորդակցման պատասխանատուներից է Աննա Կիրակոսյանը։ Նրա հետ զրույցում փորձեցինք բացահայտել կամավորության մասին նրա պատկերացումները, անցած ճանապարհը և Հայաստանի ապագայի մասին նրա տեսլականը։
– Ինչպե՞ս իմացաք «Բարձունք»-ի մասին, և քանի՞ տարի է, ինչ «Բարձունք»-ի թիմի անդամ եք։
– Մոտ երկու-երեք տարի է, ինչ «Բարձունք»-ի թիմում եմ։ Ծրագրին ծանոթացել եմ Գեղամ Օհանյանի միջոցով։ Այստեղ իմ առաջին քայլերն արել եմ որպես կազմակերպության մեդիա թիմի անդամ. հարցազրույցներ էի վարում և ներկայացնում կազմակերպության գործունեությունն ու անդամների դիմանկարները։ Հետո ընդգրկվեցի նաև այլ ծրագրերում։
– Կա մի թյուր տեսակետ, որ կամավորությունը պարզապես անվճար աշխատանք է։ «Բարձունք»-ը կամավորական շարժում է. ի՞նչ է կամավորությունը Ձեզ համար, և ինչպե՞ս եք այն համատեղում դասերի ու զբաղվածության հետ։
– Ասեմ, որ կամավորության ընկալումը կախված է յուրաքանչյուրիս դրդապատճառից։ Ըստ իս՝ եթե կամավորում ես հայրենիքի համար, դա արդեն ոչ թե աշխատանք է, այլ քո պարտականությունն է։ Պետք է այնպես անես, որ հայրենիքդ՝ այն հողն ու ջուրը, որի ծնունդն ես, ծաղկի և հզորանա։ Մենք յուրաքանչյուրս ունենք պարտավորություններ մեր հայրենիքի և հայրենակիցների հանդեպ։ Անձամբ ինձ համար կամավորությունը հայրենիքիս ծառայելու և այն հզորացնելու մասին է։ Իրականում ամեն ինչ մեր ձեռքերում է։ Պետք է հասկանալ՝ որն է ավելի առաջնահերթ՝ զբոսնելը, թե կամավորելը։ Ես նախընտրում եմ ազատ ժամանակիս մեծ մասը նվիրել ոչ թե իմ անձնական հաճույքներին, հանգստին, այլ անել ինչ-որ լավ բան հայրենիքի համար։

– «Բարձունք»-ի ո՞ր նախագծերում եք այժմ ներգրավված։
– Այս ընթացքում ակտիվորեն ներգրավված եմ «Դեպի բարձունք» և «Հայքի շառավիղներ» ծրագրերում՝ որպես հաղորդակցման պատասխանատու։
– Ինչո՞վ է «Դեպի բարձունք»-ը տարբերվում մյուս նախագծերից։ Ինչո՞ւ եք հենց այդ ծրագրում։
– «Դեպի բարձունք»-ը աշխատում է պատանիների և դպրոցականների հետ։ Ես մանկուց երազել եմ ուսուցիչ լինել և շատ մեծ ցանկություն եմ ունեցել աշխատելու երեխաների հետ։ Դու նրանց ես լույս տալիս, նրանք էլ՝ քեզ, և դուք միասին լուսավորվում եք։ Ես միշտ երազել եմ լինել այդ թիմում, բայց ամաչում էի ասել, որ ուզում եմ միանալ։ Հետո ազատ տեղեր բացվեցին, և ինձ առաջարկեցին միանալ թիմին։ Կարծում եմ՝ մեր երկիրը հզորացնելու համար պետք է կրթել պատանիներին, կրթված սերունդ ձևավորել։
– Անդրադառնանք նաև «Հայքի շառավիղներ» նախագծին։ Ի՞նչ է տալիս այն։
– Իմ կարծիքով, սա «Բարձունք»-ի ամենակարևոր ծրագրերից մեկն է, որովհետև մենք այսօր կարիք ունենք կրթված քաղաքական և հասարակական գործիչների։ Այս ծրագիրը օգնում է ձևավորել այնպիսի մարդկանց, որոնք կծառայեն հայրենիքին տարբեր ոլորտներում և կնպաստեն երկրի զարգացմանը։



– Որպես նշված ծրագրերի հաղորդակցման պատասխանատու՝ ի՞նչն է Ձեզ առավել գրավում այս գործում, և ի՞նչն է ամենաբարդը։
– Հաղորդակցումը շատ մեծ, բազմաշերտ ու փոփոխվող ոլորտ է։ Դրա միջոցով կարելի է մեծ ազդեցություն ունենալ և բազմաթիվ խնդիրներ լուծել։ Դեռ փոքրուց Instagram-ի միջոցով ծանոթացել էի ԶԼՄ ոլորտի հետ, և այն ինձ շատ հետաքրքրեց։ «Բարձունք»-ում ավելի խորացա այդ ոլորտում։ Դժվարությունն այն է, որ ես այդ ոլորտի մասնագիտական կրթություն չունեմ և գիտելիքների պակաս եմ զգում։ Սակայն այս բացը շարունակաբար փորձում եմ լրացնել տարբեր դասընթացների միջոցով։
– Ըստ Ձեզ, երիտասարդները ինչո՞ւ պետք է միանան «Բարձունք»-ին։
– Այստեղ շատ բան կարելի է ստանալ։ Մեր երիտասարդներն այստեղ ձեռք են բերում հմտություններ, որոնք անհրաժեշտ են կյանքում։ Բացի այդ, հասկանում ես, որ կարևոր գործ ես անում և որ դու կարող ես դրական փոփոխություն բերել։ Այստեղ ստանում ես լուսավոր գաղափարներ, և կյանքդ իմաստավորվում է։
– Եթե «Բարձունք»-ում կամավորելը որպես ֆիլմ դիտարկեք, ո՞ր ժանրին այն կդասեիք։
– Հետաքրքիր հարց է։ Կարծում եմ՝ ֆանտաստիկայի ժանրին։ Անսովոր և ոգեշնչող ֆանտաստիկա։


– Մի փոքր Ձեր մասին պատմեք։ Որտեղի՞ց եք արմատներով, ինչո՞վ եք սիրում զբաղվել։
– 20 տարեկան եմ։ Արմատներով Սուրմալուի Իգդիրից եմ՝ Արևմտյան Հայաստանից, իսկ մյուս կողմից՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից։ Սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Քաղաքագիտության և պետական կառավարման բաժնի երկրորդ կուրսում։ Սիրում եմ լուսանկարել, նախկինում զբաղվել եմ նկարչությամբ, դաշնամուր եմ նվագում։
– Ինչո՞ւ եք հենց քաղաքագիտություն մասնագիտությունը ընտրել։
– Սկզբում դժվար էր մասնագիտություն ընտրելը։ Հետո ուսումնասիրեցի և հասկացա, որ ուզում եմ իմ ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ։ Հասկացա, որ մասնագիտությունը պետք է ընտրել որոշակի նպատակով՝ քո երկրում ինչ-որ բան փոխելու համար։
– Ձեր աշխատանքի ո՞ր մասն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում։
– Աշխատանքը երեխաների հետ, և նրանց գիտելիք փոխանցելը։ Նրանց աչքերի փայլը ամենամեծ ոգեշնչումն ու գնահատականն է ինձ համար։

– Եթե Աննան գերբնական ուժ ունենար, ո՞րը կլիներ այն։
– Միշտ ցանկացել եմ լինել անտեսանելի։ Կարծում եմ՝ դա նաև օգտակար կլիներ իմ մասնագիտական ոլորտում։
– Իսկ ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար։
– Հայրենիքը մի բան է, որը միշտ քո սրտում է։ Դու նրանից ես սնվում, իսկ նա՝ քեզնից։ Դժվար է սա բառերով արտահայտելը։
– Եթե լինեիք ՀՀ ղեկավար, ի՞նչ առաջնային խնդիրներ կլուծեիք։
– Կարծում եմ՝ առաջնահերթ է բանակի հզորացումը և կրթական ոլորտի զարգացումը։
– Եվ վերջում՝ մեր ավանդական հարցը՝ Հայաստանին այսօր ի՞նչ է պետք։
– Հայաստանին այսօր պետք է ուժեղ գաղափարներով և լուսավոր երազանքներով սերունդ։ Եվ «Բարձունք»-ը հենց այս նպատակին է ծառայում։