Արահետ 2025. բարձունքները միասին են նվաճում․․․
Հետադարձ հայացք լեռնային տոնի անմոռանալի օրերին
Նյութի հեղինակ՝ Անուշ Գասպարյան
«Արահետ 2025»-ն այլևս իրողություն է։ «Բարձունք»-ի ողջ համայնքի համար սա շատ ուրախալի իրադարձություն է, քանի որ առաջնության ընթացքում տեսանելիորեն միահյուսվում են բոլորիս կամավորական ներուժն ու նվիրումը։ Եթե առաջին «Արահետ»-ը գեղեցիկ հիշողություն էր, ապա երկրորդը և արդեն կայացած երրորդը՝ ավանդույթ են, որոնք պարզապես չեն կարող չլինել ու չեն կարող չլինել ավելի լավը, հագեցածն ու հիշարժանը։
Ես արդեն երկրորդ տարին է կամավորում եմ «Արահետ»-ում՝ ունենալով իմ փոքր ներդրումը այս լեռնային տոնի կայացման և տարածման գործում։ Բայց այս պատմության մեջ կուզեմ կենտրոնանալ այն ահռելի ջանքերի ու կամավորական «բանակի» վրա, որոնք մեծ նվիրվածությամբ ու թիմային կամքով հաջողությամբ պսակեցին «Արահետ 2025»-ը։



Երկօրյա տոն՝ լեռնային վրանատեղիում
Եթե համեմատենք այս և նախորդ տարվա առաջնությունները, միանգամից կնկատենք էական տարբերությունները։ Այս անգամ մեկօրյա միջոցառման փոխարեն ունեցանք լիարժեք երկօրյա տոն՝ գիշերակացով, տաղավարներով, մշակութային միջոցառումներով և թիմային փորձառություններով։
Վրանատեղին՝ առաջնության էպիկենտրոնը, պատրաստվել էր օրեր առաջ ժամանած կամավորների ջանքերով։ Նրանք ապահովել էին գիշերակացի բոլոր հարմարությունները՝ երաշխավորելով, որ ամեն ինչ սահուն ընթանա հենց առաջին պահից։ Թիմային աշխատանքնայստեղ առանցքային էր։
Տարածքում տեղակայված տաղավարները հյուրընկալեցին թիմերի մրցումները, ջրի և սննդի կետերը, բուժօգնության ծառայություններն ու սիրված վարպետաց դասը «Խնկէնի»-ի հետ։


Երբ համայնքը տոնի մասնակից է․․․
Այս տարին առանձնացավ նաև հյուրընկալ Մարց համայնքի ակտիվ մասնակցությամբ, ով նաև թիմ ուներ առաջնության մասնակիցների շարքում։ Գյուղացիները, հատկապես երեխաները, միացել էին ողջ ընթացքին՝ օգնելով կամավորներին, մասնակցելով կազմակերպչական աշխատանքներին։ Գյուղմթերքի առանձին տաղավարը ոչ միայն ապահովեց տեղական արտադրանքի իրացում, այլև ստեղծեց համերաշխ մթնոլորտ՝ համայնքի ու արշավականների միջև։
Մինչ մասնակիցները նախապատրաստվում էին, մի խումբ հյուրեր արշավեցին Մոտկորի ձորում, եղան Սուրբ Գրիգորի վանքում, տեսան Սիրուն Խաչն ու Գիքորի աղբյուրը։
Առաջնություն, որի հաղթողը բոլորս ենք․․․
Այս տարի առաջնությանը մասնակից շուրջ 25 թիմ առաջին անգամ արշավեցին երկու երթուղով՝ պրոֆեսիոնալ (28 կմ) և սիրողական (11 կմ), ինչը հիանալի հնարավորություն էր արշավական փորձ չունեցող, սկսնակ խմբերի համար։
«North Peak» լեռնային ակումբի թիմակից Նարե Ղազարյանի խոսքերով․
««Արահետ»-ը փորձություն է ինքդ քեզ բացահայտելու համար»։
Թեև հաղթանակը ցանկալի է բոլորին, այստեղ առավել արժեքավոր է թիմային փորձառությունը։ Հայաստանում դեռ տարածված է կարծիքը, որ հայերը թիմային մրցաձևերում հաջողություններ չեն գրանցում և անհատական հաղթանակներն են մեզ բնորոշ։ «Արահետ»-ը կոտրում է այս կարծրատիպը՝ ցույց տալով, թե որքան ուժեղ կարող է լինել համախմբված թիմը։ Ժամանակակից աշխարհում և, առհասարակ, թիմի զորությունն անհամեմատ ավելի մեծ է։
Օրինակ՝ IT ընկերություններից կազմված թիմերը նորովի բացահայտեցին՝ որքան կարևոր է միասին հաղթահարել ֆիզիկական մարտահրավերները։ Նրանք միմյանց հետ ավելի ներդաշնակվելու խնդիր լուծեցին։ Սիրողական երթուղու հաղթող՝ «ArmGeo Runners»-ի թիմակիցը շեշտեց թիմի համախմբման դժվարությունը՝ միաժամանակ կարևորելով դրա քաղցր արդյունքը։



Սփյուռքը, դպրոցները, կրթական ծրագրերը՝ մի խաչմերուկում
Մասնակիցների կազմում ունեինք նաև ներկայացուցիչներ Սփյուռքից, ինչպես նաև թիմեր տարբեր դպրոցներից ու կրթական նախագծերից։ Կարծում եմ՝ «Արահետ»-ն ունի բոլոր նախադրյալները համահայկական առաջնության վերածվելու, որին հայերը՝ ամբողջ աշխարհից, մեծից փոքր կսպասեն, կպատաստվեն և կմասնակցեն։
«Իրական դպրոց»-ի սաները պատմում են․
«Արշավ էինք կազմակերպել, որին 10 հոգի մասնակցեց, հետո մաղվեցինք ու արդյունքում ձևավորվեց 6 հոգանոց թիմ»։
Նշանակալի է, որ թիմերը իրենց ողջ պատրաստվածությամբ և հաղթանակի համար պայքարելու կամքով գործում էին առողջ մրցակցության պայմաններում և, 2 օր միասին անցկացնելով, կարողացան մտերմանալ, ճանաչել միմյանց և նորովի բացահայտել նրանց, ում արդեն ճանաչում էին։ Եվ այս ամենը՝ միասին ժամանակ անցկացնելու հնարավորության շնորհիվ։


Մշակույթ, բնություն ու հանգիստ
Միջոցառման առօրյան այս տարի նաև մշակութային առումով էր հագեցած։ «Վարը Վարենկ»-ը կրկին ներկա էր՝ ազգային երգ ու պարով, խաղերով։ Դրանք այս տարի ավելի հիշարժան ստացվեցին. թիմերը ևս ակտիվ մասնակցություն ունեցան և անգամ անձրևը չկարողացավ կոտրել ու ընդհատել Մարցում կուտակված ողջ էներգիան։
Առաջնության հանգուցալուծումը դարձավ խաղաղ երեկոն՝ Լիլիթ Պիպոյանի և Վահագ Ռաշի համերգով։ Նրանց հեղինակային կատարումները՝ կիթառի նվագակցությամբ, արձագանքեցին Լոռվա լեռներում՝ վերածելով «Արահետ»-ը ոչ միայն լեռնարշավի, այլև բնության հետ ներդաշնակվող տոնի։



Մրցանակներ, երթուղիներ, հաղթողներ
Առաջնությունն այս տարի առանձնացավ նաև մրցութային բաղադրիչով։ Առաջին օրը տեղի ունեցան թիրախի խոցման և քարտեզի իմացության մրցումներ։
Երկրորդ օրը մեկնարկեց լեռնարշավային առաջնությամբ։ Այս տարի հաղթողներ ունեինք երկու երթուղիներում՝ 6 մրցանակային տեղով։
Պրոֆեսիոնալ երթուղի․
🥇 «Խարույկ» արշավական ակումբ
🥈 TriClub EVN «Համեստներ»
🥉 North Peak Mountain Club
Սիրողական երթուղի․
🥇 ArmGeo Runners
🥈 «ԶԱՐԿ» ծրագիր
🥉 Սեբաստացիներ
Լրացուցիչ մրցանակների համար պայքարը ևս թեժ էր, իսկ մրցանակները գրավիչ՝ Karapp հավելվածի և Ազատազէնի հրաձգարանի նվեր քարտեր և պրոֆեսիոնալ լուսանկարահանում ողջ թիմի համար։





Երկու անվանակարգերում՝ թիրախի խոցում և լուսանկարչություն, հաղթողը Lavash Tour-ն էր, քարտեզի իմացությամբ առաջատարը Հայքի շառավիղներն էր։
Նշենք, որ սիրողական երթուղու հաղթող թիմերից երկուսի կազմը հիմնականում բաղկացած էր անչափահասներից, ինչը հիանալի նախադեպ է ապագա պատանեկան թիմերի ներգրավման համար։
Հաջորդը գուցե դո՞ւ լինես․․․
Եթե դու, սիրելի ընթերցող, կարդալով այս տողերը, հարց ես տալիս՝ «արդյո՞ք ես կարող եմ», ապա հիշիր՝ ավելի քան 150 արշավական ու 70 կամավոր կարողացել են։ Ուստի վստահ եղիր՝ դու ևս կարող ես լինել այս լեռնային տոնի մի մասնիկը։ Հետևիր մեզ, միացիր ու բացահայտիր քո կամ քո թիմի ներուժը՝ «Արահետ»-ի հետ։





