Ճանաչենք․ նա Յանա Հարությունյանն է

01/05/2026 Ընթերցման ժամանակը - 8 րոպե
Նյութի հեղինակ՝ Նելլի Գրիգորյան

 

Յանա Հարությունյանը «Բարձունք» կրթական շարժման կամավորներից է, ինչպես նաև «Հայքի շառավիղներ» դպրոցի մասնակից է և ծրագրի պատասխանատուն։ Սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Տվյալագիտության բաժնի երկրորդ կուրսում։ Զբաղվում է ակտիվ կամավորական գործունեությամբ, սիրում է լեռներն ու ազգային պարերը։

 

Հարցազրույցի ընթացքում Յանայի հետ խոսել ենք Արցախից դեպի Երևան՝ «Բարձունք» ճանապարհի, կամավորական աշխատանքի կարևորության և «Հայքի շառավիղներ» ազգային-քաղաքական դպրոցի մասին։

 

– Յանա՛, դու արմատներով արցախցի ես և մինչև 2023 թվականի բռնի տեղահանումը ապրել ես Արցախում, հետո արդեն միացել ես «Բարձունք»-ին: Հետաքրքիր է՝ Արցախում կամավորություն ընդհանրապես արել ես, թե ոչ, ի՞նչ տիպի աշխատանքներ են դրանք եղել, թե՞ «Բարձունք»-ը քո առաջին փորձն է։

 

– «Բարձունք»-ն իմ առաջին փորձը չէ մինչ այդ Արցախում տարբեր կամավորական աշխատանքներ եմ արել, որոնք հիմնականում կապված էին դպրոցական ու համայնքային նախաձեռնությունների հետ։ Սովորում էի ֆիզմաթ դպրոցում, հետո՝ Արցախի ճեմարանում, և երկու տեղում էլ ակտիվ մասնակցել եմ տարբեր ծրագրերի կազմակերպմանը։ Այս ամենի մեջ կարևոր դեր ունի «Մունք» տեխնոդպրոցը, որն ինձ էլ ավելի մոտեցրեց կամավորության գաղափարին։ 2023-ից հետո, արդեն Հայաստանում, անորոշության մեջ էի փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչու այսպես եղավ, ու ինչ կարող եմ անել փոխելու համար ու հենց այդ որոնումների ընթացքում էլ գտա «Բարձունք»-ը։

 

– Պատմի՛ր դեպի «Բարձունք» քո՛ ճանապարհի մասին։

 

– Առաջին անգամ «Բարձունք» եկա՝ մասնակցելու Լարիսա Ալավերդյանի հետ հանդիպմանը՝ նվիրված ապրիլի 7-ին՝ Կանանց օրվան։ Լսելով նրա անցած ուղին՝ Բաքվից մինչև Արցախյան շարժում ու քաղաքականություն, տեսա կնոջ առաքելության և ուժի մի բացառիկ օրինակ, ումից սովորելու շատ բան կա։ Այդ հանդիպումից հետո սկսեցի ավելի ուշադիր հետևել «Բարձունք»-ի գործունեությանը, հատկապես՝ «Հայոց երկիր» շարքի հրապարակումներին։ Մի օր էլ տեսա, որ հանդիպում է նախատեսվում Մանվել Սարգսյանի հետ՝ մի մարդու, որը եղել է Արցախյան շարժման ակունքներում՝ Իգոր Մուրադյանի կողքին. հենց այդ օրն էլ վերջնականապես ամրապնդեց իմ կապն այս միջավայրի հետ։

 

– Փաստորեն՝ հենց այդ միջոցառումների ընթացքում էլ բացահայտեցիր և իմացար «Հայքի շառավիղներ»-ի մասին։ Ո՞րն էր  առաջին միտքը կամ գաղափարը, որը քեզ մղեց միանալ «Հայքի շառավիղներ»-ին։

 

– Երբ ծանոթացա «Հայքի շառավիղներ»-ին, առաջինը ինձ գրավեց արմատների բացահայտման թեման։ Ընդունելության հայտի մեջ նշեցի իմ արմատները՝ Արցախ, Մարտունի, ու հետո, ավելի խորանալով, հասկացա իրական պատմական պատկանելիությունը՝ Վարանդա, Դիզակ… 

 

Դեռ դպրոցական տարիներից ներքին սուր արձագանք եմ ունեցել մեր պատմական հողերի անվանումների փոփոխությանը։ Երբ գրքերում հայկական անունների կողքին տեսնում էի թուրքերեն նշվածները, ներքին ցավ էի զգում։ Արցախից հետո այդ զգացողությունն ավելի սրվեց։ Այդ պատճառով Հայքի քարտեզի ու հայկական լեռնաշխարհի ամբողջականության գաղափարը միշտ ինձ համար շատ կարևոր է եղել։ 

 

Դու «Հայքի շառավիղներ»-ին նախ միացել ես որպես մասնակից ու կամավոր, հետո արդեն դարձել ես ծրագրի պատասխանատու։ Պատմի՛ր քո հիմնական բացահայտումների մասին այս ճանապարհին։

 

– «Հայքի շառավիղներ»-ը  եղավ այն առանցքը, որն օգնեց վերաիմաստավորել մեր իրականությունը և ավելի մոտենալ «Բարձունք»-ի գաղափարին։ Դասերին ուսումնասիրած գաղափարների ամբողջական շղթայի մեջ ես առաջին անգամ հստակ ընկալեցի քաղաքականության իրական դերն ու նշանակությունը մեր կյանքում։

 

Անկեղծ ասած՝ «քաղաքականություն» բառի հանդեպ երկար ժամանակ ներքին հակակրանք ունեի։ Մեր հասարակության մեջ այդ բառը հաճախ ներկայացվում է «կեղտոտ խաղ»։  Սակայն «Հայքի շառավիղներ»-ում, հատկապես ընկեր Սարոյի դասերի շնորհիվ, տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն։ Ես հասկացա, որ քաղաքական լինել, նշանակում է վերցնել պատասխանատվություն այլոց համար։ Հենց որ ընդունեցի այդ բառի իրական էությունը, վերաբերմունքս կտրուկ փոխվեց․այն դադարեց լինել օտար մի երևույթ և դարձավ գիտակցված ուղի՝ ծառայելու նպատակին։

 

Ինչ վերաբերում է դպրոցի առարկաներից պատմությանը, կուզեի նշել, որ դպրոցի վերջին տարիներին ունեի հետաքրքրություն պատմության հանդեպ, բայց այնտեղ սովորել էի բավականին անտրամաբանական ձևով՝ թվեր, դեպքեր, ավարտ, նոր էջ։ Շառավիղներում առաջին անգամ տեսա Հայքի պատմության մի մեծ ու ամբողջական շղթա, որը միշտ ուսումնասիրելու և խորանալու տեղ ունի։

 

Մշակույթը նույնպես նոր դիտանկյունից բացվեց։ Մշակույթի մեջ կուզեի առանձնացնել ծեսերը, որոնց հանդեպ ունեի խոր հարգանք, բայց չէի հասկանում իմաստը դրանցով շարժվելու։ Սակայն շնորհիվ տիկին Հասմիկի, մոտեցումս փոխվեց, ու հասկացա, որ ծեսերը մեր ինքնության խտացված «կոդերն» են։ Դրանք պատմության նման անվերջ բացահայտվելու տեղ ունեն և մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն հիշել մեր արմատները, այլև ապրել դրանցով՝ ամեն անգամ ապակոդավորելով մեր էության նոր շերտեր։

 

Ընդհանուր առմամբ, «Հայքի շառավիղների» դպրոցը տվել է համակարգված ու հատընտիր գիտելիք, որի շնորհիվ դարձա քաղաքականապես ավելի  գրագետ ու հայրենաճանաչ։ Այսօր աշխարհի ինֆորմացիոն աղմուկի մեջ շատ հեշտ է խճճվել։ Մեր սերնդի համար կենսական է ստանալ հենց այնպիսի գիտելիք, որը թույլ կտա տեսնել ամբողջական պատկերը և տեսնելով մարտահրավերները՝  գտնել դրանց լուծման իրական ուղիները։  

 

Եվ վերջում, կուզեի նշել, որ  Շառավիղները ինձ սովորեցրեց երազելու կարևորությունը։ Նախկինում մտածում էի, որ պետք է միայն նպատակ դնել ու քայլել դեպի այն։ Բայց հասկացա՝ եթե մեծ չես երազում, չես կարող մեծ նպատակ սահմանել։ Բոլորս ունենք ավելի մեծ երազելու տեղ, և Շառավիղները հենց դրա մասին է։ Շառավիղների կարգախոսն է՝ «Հիշի՛ր նպատակը», բայց յուրաքանչյուրս պետք է հասկանանք՝ որն է, և փորձենք միասին երազելով գնալ դեպի այն։

 

 

– Յանա՛, «Հայքի շառավիղներ»-ում և «Բարձունք»-ում կատարածդ աշխատանքը մեծ պատասխանատվություն է ու պահանջում է ահռելի ժամանակ, էներգիա և նվիրվածություն՝ այն էլ կամավորական հիմունքներով։ Շատ քչերն են պատրաստ նման ծանրաբեռնվածություն կրել։ Ո՞րն է այն ներքին մոտիվացիան կամ գիտակցումը, որը քեզ միշտ առաջ է տանում, հատկապես դժվարությունների պահին։ 

 

– Ինձ համար կամավորությունը երբեք չի եղել ավելի ցածր կարևորությամբ բան, քան աշխատանքը, դասերը, անձնական կյանքը։ Կամավորելը ընտրություն է, որը կայացրել եմ գիտակցված, ու մոտենում եմ նույն լրջությամբ ինչ մնացած աշխատանքներին։ 

 

Կարծում եմ, որ իմ ներուժը՝ գիտելիքը, ժամանակն ու էներգիան, իմ գլխավոր գործիքներն են՝ ծառայելու ավելի մեծ նպատակի՝ հայրենիքի կառուցմանը։ Ես հավատում եմ, որ սերը, պատասխանատվությունը և նվիրումը այն հիմքն են, որով կարող ենք կառուցել մեր երազանքների Հայոց երկիրը։ Ու երևի հենց սա է ինձ միշտ առաջ մղում։

 

– Ինչպիսի՞նն է քո՛ երազած Հայրենիքը։

 

– Հայոց երկրի ամբողջական քարտեզը իմ երազած հայրենիքն է․ այն ամենը, ինչի մեջ իմաստ եմ դնում ու որի մասին երկար եմ մտածում։ Երբ այդ ամենը քո ներսում պատկերում ես, ավելի մեծ պատասխանատվություն ես զգում դրա հանդեպ, որովհետև այն քո՛ երազած իրականությունն է։ Եթե ինչ-որ բան իսկապես ուզում ես՝ ընտրություն չունես․ պիտի մնաս, պիտի գործես ու պայքարես․ այլ տարբերակ չկա։

 

– Հայրենիքն ինչո՞վ են կերտում։

 

– Իհարկե գործով․ էլ ինչպե՞ս։ Գործով, սիրով․․․ մեծ սիրով։ Գործով ու պատասխանատվությամբ։ Այլ ճանապարհ չկա։ Եթե սիրում ես, տեր ես կանգնում ինքնաբերաբար։ Գուցե ուրիշ բաներ էլ են պետք, բայց հիմքում սերն է։ Եթե իսկապես սիրես, ճանաչես, զգաս, տեր էլ  կկանգնես։