«Դեպի բարձունք»-ը Գետարգելում | Երբ ակումբականները շարժիչ ուժ են

05/06/2025 Ընթերցման ժամանակը - 5 րոպե

Այսօր Հայաստանի տարբեր համայնքներում գործում են «Դեպի բարձունք» կրթական նախագծի 17 ակումբներ՝ ձևավորելով յուրօրինակ շարժում՝ միտված պատանի սերնդի քաղաքացիական, էկոլոգիական ու հայրենասիրական դաստիարակությանն ու զարգացմանը։ Յուրաքանչյուր ակումբ իր համայնքի շունչն ու ոգին է փոխանցում նախագծին։ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի դպրոցում գործող ակումբի անդամները առանձնանում են իրենց կազմակերպվածությամբ, թիմային ոգով ու անկեղծ նվիրումով։

Ակումբը հիմնադրվել է 2025 թվականի հունվարին և ընդամենը մի քանի ամսում կարողացել է դառնալ դպրոցի և աշակերտական կյանքի շարժիչ ուժերից մեկը։

Ոգեշնչող թիմ՝ մեծ նախաձեռնողականությամբ

«Դեպի բարձունք» ակումբի առանցքային նպատակներից է աշակերտների շրջանում համագործակցային ու ջերմ մթնոլորտի ձևավորումը։ Ինչպես նշում է դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մարի Բաբայանը, ակումբականները առավել ակտիվ ու ներգրավված են դարձել դպրոցում իրականացվող բոլոր նախաձեռնություններում՝ մաքրությունից մինչև միջոցառումների կազմակերպում.

«Ակնհայտ է՝ իրենք դարձել են դպրոցի սիրտն ու ոգին։ Նրանք իրենց նախաձեռնությունները կյանքի են կոչում ուրախությամբ ու ներքին մղումով՝ առանց պարտադրանքի»։

Առաջնորդություն սիրով և պատասխանատվությամբ

Դպրոցի տնօրեն Դիանա Աղասարյանը ևս ընդգծում է ակումբի ազդեցությունը. «Մենք ակնկալում էինք, որ ակումբը բարձր արժեքների, գաղափարի շուրջ միավորող առանցք կդառնա։ Մեր սպասելիքները իրականանում են։ Երիտասարդները ոչ միայն միավորվել են գաղափարի շուրջ, այլև այն վերածում են գործի՝ համախմբվածությամբ, նորարար մոտեցումներով և նպատակային նախաձեռնություններով»։

Տնօրենն ընդգծում է, որ դպրոցի կողմից ցանկացած աջակցություն հասանելի է ակումբականներին․ «Նրանք ինքնավար մարմին են իրենց գաղափարներով ու նախագծերով, իսկ մենք միայն ուրախ ենք լինել նրանց կողքին, աջակցել ու ոգեշնչել նրանց»։

 

Գործնական դաս Երկիր մոլարակի օրը

Վերջերս Գետարգելի ակումբականները նոր նվաճում ունեցան՝ Երկիր մոլարակի օրվա կապակցությամբ կազմակերպած մաքրապատմանը 16 ակումբականների համատեղ ջանքերով հավաքվեց  շուրջ 40 պարկ աղբ։ Սրանով նրանք դարձան 17 ակումբների շրջանում ամենամեծ ծավալով մաքրապատում իրականացրած ակումբը։

Ակումբականներից Ժաննան կիսվում է․ «Մաքրապատումից հետո սկսել եմ ավելի գիտակցաբար մոտենալ տարածքի մաքրությանը։ Պատասխանատվության զգացում է առաջացել՝ չաղտոտել այն, ինչ մենք ենք գեղեցկացրել»։ Իսկ ակումբի նախագահ Ալիսը պատմում է․ «Շատ քիչ ժամանակ ունեինք, ու թվում էր՝ չենք հասցնի, բայց մենք նպատակ ունեինք՝ 40 պարկ հավաքել։ Իրականում այդ փորձառությունը ինձ առավել կապեց գյուղիս հետ»։

Հայրենասիրություն՝ ոգով, խոսքով ու գործով

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Գետարգելի «Դեպի բարձունք» ակումբը նախաձեռնել էր միջոցառում՝ նվիրված օրվա խորհուրդին։ Նման միջոցառումներով ակումբականներն իրենց սերն ու նվիրումն են արտահայտում առ հայրենին, ընդգծում սերնդեսերունդ փոխանցվող հիշողության ու ժառանգության պահպանման կարևորությունն ու իրենց անձնական պատասխանատվությունն այդ ճանապարհին։ Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մարի Բաբայանը նշում է, որ աշակերտներն առանձնակի սրտացավ մասնակցություն են հայրենասիրական բովանդակությամբ նախաձեռնություններին, հատկապես մեծ ոգևորություն ունեն, երբ հերթը հասնում է ազգային պարերին։

«Դեպի բարձունք» ակումբները նաև անձնային աճի և փոխըմբռնման դարբնոցներ են․ «Ակումբը սովորեցնում է համբերատարություն։ Մեր մեջ շատ տարբեր երեխաներ կան, ու ամեն մեկի հետ յուրովի մոտեցում է պետք»,— ասում է Ալիսը։ «Սա հիանալի նախագիծ է, որով ոչ միայն կրթվում եմ, այլև դառնում գաղափարներ իրականացնող»։

 

Գետարգելիի «Դեպի բարձունք» ակումբը լուսավոր օրինակ է այն մասին, թե ինչպես կարելի է մի գաղափարով համախմբել պատանիներին և նրանց ներգրավել համայնքի զարգացման, կրթության և հայրենաճանաչության գործընթացներում։ Այսօր նրանք մեր ակումբականներն են, վաղը՝ արարող ու զորեղ Հայաստան կերտողները։

Հեղինակ՝ Գայանե Թունյան