Ճանաչենք․ նա Անուշ Գասպարյանն է
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Յուրաքանչյուր կամավոր իր պատմությունն ունի, սակայն բոլորին միավորում է մեկ գաղափար՝ ստեղծել, զարգանալ և ծառայել հայրենիքին։ Մեր կամավորների մասին պատմող շարքում այս անգամ ներկայացնում ենք Անուշին՝ երիտասարդի, ով «Բարձունք»-ում գտել է իր զարգացման ճանապարհը և այսօր իր փորձն ու գիտելիքն է ներդնում մյուսների աճի համար։
– Մի փոքր պատմեք Ձեր մասին։ Որտեղի՞ց եք արմատներով։
– Արմատներով Բայազետից եմ։ Մեր ընտանիքը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանից և հաստատվել Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղում։ Այնտեղ եմ ծնվել ու անցկացրել դպրոցական առաջին տարիներս։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել ենք Երևան, որպեսզի քույրերս և ես կարողանանք շարունակել կրթությունը։ Այժմ ես ուսանող եմ, սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
– Ինչո՞ւ հենց իրավագիտությունը ընտրեցիք։
– Սկզբում հետաքրքրված էի լրագրությամբ ու գրականությամբ, և մինչև օրս էլ այդ հետաքրքրությունը պահպանվել է։ Որոշեցի ընտրել իրավագիտությունը, քանի որ այն հիմնարար մասնագիտություն է, որի համար անհրաժեշտ գիտելիքը հնարավոր չէ ձեռք բերել կարճ դասընթացներով։ Ու քանի որ իրավունքն առնչվում է կյանքի բոլոր ոլորտներին, այդ գիտելիքները կարևոր են ցանկացած մասնագետի համար։
– Մտածո՞ւմ եք հետագայում լրագրություն ուսումնասիրելու մասին։
– Այդ միտքն իսկապես ունեցել եմ։ Ինձ պատկերացնում եմ որպես իրավաբան, որը ոչ միայն զբաղվում է մասնագիտական գործունեությամբ, այլև հանրությանը ներկայացնում է իրավական խնդիրները, խոսում համակարգի բացերի ու փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Մտածել եմ նաև տեղեկատվական իրավունքի ուղղությամբ մասնագիտանալու մասին, որը կապված է խոսքի ազատության և ԶԼՄ-ների իրավական կարգավորման հետ։

– Որո՞նք են այսօր երիտասարդների առջև ծառացած հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։
– Կարծում եմ՝ երիտասարդների գլխավոր մարտահրավերը անորոշությունն ու արագընթաց փոփոխություններն են։ Մեր այս տարիքում շատ են փորձելու և սխալվելու հնարավորությունները, բայցևայնպես գալիս է պահ, երբ պետք է հստակ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ նպատակ ես հետապնդում։ Արագ փոփոխվող այս աշխարհում դժվար է երկարաժամկետ նպատակներ ունենալը ու դրանց հավատարիմ մնալը: Հենց այս անորոշությունն էլ ամենամեծ փորձությունն է երիտասարդների համար։
– Երիտասարդներին ի՞նչն է դրդում կամավորությամբ զբաղվել։
– Ոմանց համար կամավորությունը նոր ընկերներ ձեռք բերելու կամ հետաքրքիր միջավայրում լինելու հնարավորություն է, սակայն այդ մոտիվացիան երկարատև չէ։ Կարծում եմ՝ իրական կամավորությունը պետք է դիտարկել որպես սեփական զարգացման և հասարակությանը օգտակար լինելու միջոց։ Շատ կարևոր աշխատանքներ կան, որոնք տարբեր պատճառներով պետությունը կամ կազմակերպությունները լիարժեք չեն կարող իրականացնել, և հենց այստեղ է կամավորների դերը։ Երբ մարդը տեսնում է խնդիրը և իր ժամանակն ու ջանքն է ներդնում դրա լուծման համար, այդ կամավորությունն իսկապես արժեքավոր է։


– Կպատմե՞ք Ձեր առաջին կամավորության և առաջին տպավորությունների մասին։ Ի՞նչ է Ձեզ համար կամավորությունը։
– Իմ առաջին իսկապես գիտակցված կամավորական փորձը կապված էր ամառային դպրոցի հետ։ Սկզբում մասնակցում էի որպես աշակերտ, իսկ հաջորդ տարի արդեն միացա կազմակերպչական թիմին՝ աջակցելով ընդունելության և կազմակերպչական աշխատանքներին։ Այդ ընթացքում հասկացա, թե մարդկանց համար որքան մեծ արժեք ունի անկեղծ նվիրումը։ Ամենամեծ պարգևը ոչ թե վարձատրությունն էր, այլ մարդկանց շնորհակալությունն ու այն զգացողությունը, որ կարողացել ես օգտակար լինել։ Այդ փորձից հետո համոզվեցի, որ կամավորությունը պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքի մի մասը՝ անկախ զբաղվածության աստիճանից։
– Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր կամավորական գործունեությունը «Բարձունք»-ում։ Ներկայումս ի՞նչ պարտականություններ ունեք։ Ո՞ր նախագծերում եք ներգրաված:
– «Բարձունք»-ին ծանոթացել եմ 2021 թվականին: Մասնակցել եմ տարբեր միջոցառումների։ Որպես կամավոր միացել եմ 2023 թվականին, երբ ձևավորվեցին կամավորական թիմերը: Ընդգրկվեցի «Մեդիա» թիմում՝ լրագրության նկատմամբ հետաքրքրությանս շնորհիվ։ Այստեղ զբաղվել եմ տեքստեր պատրաստելով, էջերի կառավարմամբ, հաղորդակցման և բովանդակության պլանավորմամբ: Միաժամանակ արժեքավոր փորձ եմ ձեռք բերել։ Ներգրավվել եմ նաև այլ ծրագրերում, այդ թվում՝ գրքի խմբագրման և կրթական նախագծերում։ Ներկայումս հիմնականում զբաղվում եմ «Դեպի բարձունք» ծրագրի թվայնացման աշխատանքներով, միաժամանակ շարունակում եմ գործունեությունս «Մեդիա» թիմում։
– Ի՞նչ է Ձեզ համար «Բարձունք»-ը։ Ինչո՞վ է այն տարբերվում մյուս երիտասարդական կառույցներից։ Այստեղ Ձեր աշխատանքի ո՞ր բաժինն է Ձեզ ամենաոգեշնչողը։
– «Բարձունք»-ն ինձ համար տան ու ընտանիքի նման մի վայր է։ Այն տարբերվում է նրանով, որ այստեղ ոչ միայն աշխատում ես, այլև ինքդ անընդհատ սովորում ու զարգանում ես։ Միաժամանակ մեծ պատասխանատվություն ես զգում, քանի որ քո փոխանցած գիտելիքն ու փորձը կարող են ազդել ակումբականների զարգացման վրա։
Ինձ ամենաշատը ոգևորում է այն, որ անընդհատ պետք է սովորեմ, տեղեկացված լինեմ և պատրաստ լինեմ աջակցելու երիտասարդներին։ Երբ որևէ ակումբական դիմում է խնդրով, փորձում եմ ոչ թե պարզապես ընդհանուր խորհուրդ տալ, այլ հասկանալ նրա իրավիճակը և հնարավորինս օգնել։ Այդ համագործակցությունն ու միասին լուծումներ գտնելը ինձ համար ամենաարժեքավորն է «Բարձունք»-ում։
– Որո՞նք կլինեին այն երեք բառերը, որոնցով կնկարագրեիք «Բարձունք»-ը։
– Համակարգ, ստեղծարարություն և հնարավորություն։ Եվ իհարկե՝ արդյունք։ «Բարձունք»-ն ինձ համար այն միջավայրն է, որտեղ գաղափարները վերածվում են իրական արդյունքի, մարդիկ հնարավորություն են ստանում զարգանալու, ստեղծագործելու և կիրառելու իրենց ներուժը։


– Դուք «Դեպի բարձունք» ծրագրի խաղայնացման պատասխանատուն եք։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել սկզբում և այսօր ի՞նչ մարտահրավերներ կան այդ ուղղությամբ։
– Սկզբում դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր, քանի որ առաջին անգամ էի աշխատում նման ծավալի թիմի ու գործընթացի հետ։ Երբ ստանձնեցի այդ դերը, հասկացա, որ ծրագրի ներսում շատ մանրամասներ կան, որոնք սկզբում դժվար էր հասկանալ։ Առաջին փուլում հիմնականում փորձում էի ուսումնասիրել գործընթացները, հասկանալ՝ ինչպես է աշխատում խաղայնացումը և ինչ նպատակներ ունի։
Ամենամեծ փորձությունը եղավ այն, որ թիմի մյուս անդամները տարբեր զբաղվածությունների պատճառով ավելի քիչ ներգրավված էին, և մեծ մասի պատասխանատուն ես էի։ Այդ փուլում ստիպված էի ինքնուրույն խորանալ, ստեղծագործական մոտեցումներ գտնել և ձևավորել համակարգը։ Սկզբում արդեն կային մակարդակների ընդհանուր պատկերացումներ, բայց հետագայում սկսեցինք դրանք ավելի հստակ մշակել՝ հաշվի առնելով մասնակիցների կարիքներն ու հետաքրքրությունները։ Այսօր հիմնական մարտահրավերը համակարգը շարունակաբար զարգացնելն ու այն ավելի արդյունավետ դարձնելն է։
– Մի փոքր խաղայնացման մակարդակների մասին կխոսե՞ք։ Ի՞նչ է այն ենթադրում։
– Մակարդակների համակարգը ստեղծվել է, որպեսզի մասնակիցների համար ճանապարհը ավելի հստակ ու տեսանելի լինի։ Քանի որ ծրագիրը նախատեսված է մեծ թվով ակումբականների համար, անհատական մոտեցումը միշտ չէ, որ հնարավոր է, և համակարգը օգնում է հասկանալ յուրաքանչյուր մասնակցի առաջընթացը, ուժեղ կողմերն ու դժվարությունները։
Ընդհանուր առմամբ կա 7 մակարդակ, որոնք կապված են մեր լեռների անունների հետ՝ Արա, Արմաղան, Մարաթուկ, Խուստուփ, Մռավ, Արագած և Արարատ։ Դրանք ոչ միայն խորհրդանշում են վերելքը, այլև ընդգծում են հայրենաճանաչողության գաղափարը՝ ներառելով Հայաստանի, Արևմտյան Հայաստանի և Արցախի լեռները։
Առաջին մակարդակը ամենահեշտն է և ունի մոտ 30 պարտադիր առաջադրանք։ Լրացուցիչ գործողություններով՝ օրինակ գրքերի ընթերցում, ազգային պարեր և այլ նախաձեռնություններ. այն կարող է հասնել մոտ 35-40 առաջադրանքի։ Հաջորդ մակարդակներում առաջադրանքների քանակը կարող է լինել ավելի քիչ, բայց դրանք պահանջում են ավելի շատ ժամանակ, խորացում և ջանք։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակ նախագծված է որպես նախորդից ավելի մեծ փորձություն։
– Նախորդ ամիս կայացավ «Դեպի բարձունք» ճամբարը։ Ինչպե՞ս ծնվեց այն կազմակերպելու միտքը։
– Ճամբարի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ հասկացանք, որ ակումբականներին անհրաժեշտ է միասին հավաքվելու, շփվելու և ընդհանուր էներգիա ստեղծելու հնարավորություն։ «Արահետ 2025» առաջնության ընթացքում տեսանք, թե որքան ակտիվ են ներգրավված ակումբականները, և հասկացանք, որ նման միջավայրն օգնում է նրանց ավելի ուժեղ կապեր ստեղծելուն։
Սկզբում նույնիսկ հստակ պատկերացում չունեինք՝ ինչպես և երբ պետք է իրականացվի ճամբարը, բայց որոշեցինք սկսել գործընթացը։ Մի քանի ամիս շարունակ թիմը մշակեց գաղափարը, կազմեց ծրագիրը և պատրաստվեց իրականացմանը։ Արդյունքում ձևավորվեց մոտ 30 հոգանոց կամավորական թիմ, որը կարողացավ կազմակերպել 6-օրյա հագեցած ճամբար։
Ամենամեծ մոտիվացիան հենց ակումբականների ոգևորությունն էր։ Նրանք մեծ ուրախությամբ էին պատրաստվում մասնակցությանը, և այդ էներգիան փոխանցվում էր նաև կազմակերպչական թիմին։ Ճամբարը հեշտ չէր, բայց այն դարձավ շատ արժեքավոր փորձ՝ լի համագործակցությամբ, միասին արարելու զգացողությամբ։


– Դուք նաև «Հայքի շառավիղներ» ծրագրի շրջանավարտ եք։ Ինչպե՞ս հայտնվեցիք այդ ծրագրում։
– «Հայքի շառավիղներ»-ը չեմ դիտարկում պարզապես որպես ծրագիր, որը պետք է փոխի մարդուն, այլ որպես շարունակական զարգացման կարևոր փուլ։ Մեկ տարվա ընթացքում մենք ուսումնասիրեցինք հայոց պատմություն, իրավունք, քաղաքագիտություն, մշակույթ և կրոն՝ ոչ միայն փաստերի, այլև խորքային վերլուծության միջոցով։ Ծրագիրը տվեց ոչ միայն գիտելիքներ, այլև ձևավորեց նոր մտածողություն՝ օգնելով ավելի լավ հասկանալ հասարակական ու քաղաքական գործընթացները, դրանց պատճառներն ու հետևանքները։ Կարծում եմ՝ նման կրթությունը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել հանրային գործունեությամբ, հաղթահարել անտարբերությունը հասարակական խնդիրների նկատմամբ։
– «Հայքի շառավիղները» Ձեզ հատկապես ի՞նչ տվեց։
– Ամենակարևորը՝ գիտակցում, թե որքան քիչ բան գիտեի իմ արմատների մասին։ Ծրագիրը հատկապես օգնեց ավելի խորությամբ ճանաչելու Բայազետը, որի հետ միշտ կապ եմ զգացել, բայց հասկացա, որ դեռ շատ բան կա բացահայտելու։ Երբ ներկայացնում էինք մեր տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, զգացի, որ արմատներիս մասին իմ իմացածը բավարար չէ։ Կարծում եմ՝ նման ծրագրերը պետք է շարունակական լինեն, որպեսզի յուրաքանչյուր սերունդ կարողանա ավելի խորությամբ ճանաչել իր պատմությունն ու ժառանգությունը։
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ երիտասարդները պետք է միանան «Բարձունք»-ին։
– «Բարձունք»-ը երիտասարդներին տալիս է ինքնադրսևորվելու, պատասխանատվություն ստանձնելու և սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն։ Այստեղ երիտասարդների կարծիքը իրականում լսվում է․ յուրաքանչյուր առաջարկ քննարկվում է, և կարևոր չէ՝ այն գալիս է երիտասարդի՞ց, թե փորձառու մասնագետից։ Կարևորվում է ոչ թե տարիքը, այլ գաղափարի արժեքը։
Բացի այդ, «Բարձունք»-ում կա ուժեղ համայնքային մշակույթ․ մարդիկ միմյանց աջակցում են, և ոչ ոք միայնակ չի մնում իր խնդիրների հետ։ Երիտասարդները հնարավորություն ունեն աշխատելու փորձառու մասնագետների հետ, օգտվելու նրանց գիտելիքներից և միաժամանակ զարգացնելու սեփական հմտությունները։ Սա միջավայր է, որտեղ հնարավոր է աճել և օգտակար նախաձեռնություններ իրականացնել։


– Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդին, ով ցանկանում է սկսել իր կամավորական ճանապարհը։
– Խորհուրդ կտամ ընտրել այնպիսի կամավորական հնարավորություններ, որոնք նպաստում են անձնական ու մասնագիտական աճին։ Կարևոր է ոչ միայն ժամանակ անցկացնել կամ ինչ-որ գործ անել, այլ հասկանալ՝ ինչ նպատակով ես միանում տվյալ ծրագրին և որքանով ես կիսում դրա գաղափարները։
Պետք չէ խուսափել բարդ խնդիրներից։ Հենց դժվարություններն են օգնում ձեռք բերել նոր հմտություններ, ընդլայնել գիտելիքները և զարգանալ։ Լավ կամավորական փորձը պետք է մարդուն դուրս բերի իր հարմարավետության գոտուց և օգնի ավելի վստահ ու պատրաստված դառնալ։
– Ինչո՞ւ է շարունակական կրթությունը կարևոր երիտասարդների անձնական և մասնագիտական զարգացման համար։
– Կրթությունը միայն ակադեմիական գիտելիքը չէ, այլ նաև ինքնակրթությունն ու ինքնազարգացումը։ Համալսարանական կրթությունն ինձ համար կարևոր է, քանի որ այն տալիս է համակարգված գիտելիք, սովորելու կարգապահություն և կարճ ժամանակում մեծ ծավալի տեղեկատվություն յուրացնելու հնարավորություն։ Այն նաև զարգացնում է հաղորդակցման հմտությունները, ստեղծում մասնագիտական կապեր և նոր հնարավորություններ։
Միաժամանակ, կրթությունը չպետք է ավարտվի դիպլոմ ստանալով։ Աշխարհը մշտապես փոխվում է, և մարդը պետք է շարունակաբար սովորի ու զարգանա։ Գիտելիքը տալիս է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև ինքնավստահություն՝ սեփական որոշումները պաշտպանելու և տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար։ Այդ պատճառով յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի զարգանալ ինչպես իր մասնագիտության, այնպես էլ այլ ոլորտներում։
– Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը։
– Հայրենիքը ինձ համար նման է մոր՝ այն ծնող է, որը մեզ տվել է ամեն ինչ։ Ես շատ եմ սիրում «Մայր Հայաստան» գաղափարը, որովհետև այն արտահայտում է այդ կապը։ Բայց Հայրենիքը միայն սիրելն ու վայելելը չէ․ այն նաև պարտավորություն է։ Մենք պետք է գնահատենք, պահպանենք և հոգ տանենք այն ամենի մասին, ինչ ստացել ենք մեր Հայրենիքից, որպեսզի այն հավերժ ապրի ու զարգանա։
– Հայաստանին այսօր ամենից շատ ի՞նչ է պետք։
– Հայաստանին առաջին հերթին պետք է միասնականություն և անձնական շահերից վեր կանգնող մտածողություն։ Երկրի զարգացումը միայն պետական կառույցների պատասխանատվությունը չէ․ յուրաքանչյուր մարդ իր մասնագիտության և հնարավորությունների շրջանակում պետք է ներդրում ունենա։
Կարևոր է, որ մարդիկ առաջնորդվեն ոչ միայն սեփական նպատակներով, այլ նաև հանրային շահով։ Երբ յուրաքանչյուր մասնագետ իր գործը լավ է անում և պատրաստ է մի փոքր ավելին անել հասարակության համար, հնարավոր է ձևավորել ուժեղ ու միասնական թիմ, որը կկարողանա հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները։
