Կայացավ «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գրքի շնորհանդեսը

24/05/2026 Ընթերցման ժամանակը - 9 րոպե

Մայիսի 22-ին կայացավ Հրաչյա Արզումանյանի և Արմինե Արզումանյանի «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է «Բարձունք» կրթական շարժման «ԳրքԱրար» նախաձեռնության շրջանակներում:

 

«ԳրքԱրար» նախաձեռնությունը ստեղծվել է ազգային նշանակություն ունեցող գրքերի հրատարակման և տարածման համար՝ նպաստելու գիտելիքի հանրայնացմանը և Հայաստանի մտավոր ներուժի զարգացմանը։ «Բարձունք» կրթական շարժումը, որը հիմնադրվել է 2020 թվականին, համախմբում է բազում կամավորների երկրի զարգացման գաղափարի շուրջ՝ ծրագրերի միջոցով նպաստելով Հայաստանի ապագայի համար պատասխանատու սերնդի ձևավորմանը։

 

Գիրքն իրենից ներկայացնում է նորարարական հայացք ազգային անվտանգության ապագային՝ խորքային տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում։ Աշխատության եզակիությունը կայանում է դրա միջգիտակարգայնության մեջ. փիլիսոփայությունը, մշակույթը, ռազմավարությունը և տեխնոլոգիաները միավորվում են ամբողջական վերլուծության մեջ՝ ազգային անվտանգության սպառնալիքները գնահատելու և դրանց արձագանքը ձևավորելու համար։ Աշխատությունը արժեքավոր աղբյուր կդառնա ազգային անվտանգության ոլորտում որոշումներ կայացնող մասնագետների ու ղեկավարների, ինչպես նաև ռազմավարության, պատերազմի և խաղաղության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական-քաղաքական ու պետական ինստիտուտների համար։

 

Շնորհանդեսի իր ելույթում դոկտոր Հրաչյա Արզումանյանը նշեց, որ էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիքները հայ ժողովրդին և Հայաստանը կանգնեցնում են խորը փոփոխությունների անհրաժեշտության առջև՝ միջազգային ասպարեզում ընթացող արագընթաց որակական փոփոխությունների պայմաններում։ Հայաստանն ունի բեկումնային կայուն զարգացման անցնելու կարիք, որի վճռորոշ տարրը նորարարական տեխնոլոգիական բեկումն է։

 

Հայ ժողովրդի առջև ծառացած էկզիստենցիալ սպառնալիքների մեծ մասի ռազմական բնույթը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պաշտպանական նորարարություններին և պաշտպանական-արդյունաբերական բազայի զարգացմանը՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության համակարգի կարևորագույն տարր։ Ընդ որում, XXI դարի Հայաստանի ազգային անվտանգության համակարգն անխուսափելիորեն կառուցվում է պաշտպանության և անվտանգության համապարփակ մոտեցման հիման վրա, ինչը թույլ է տալիս այդ շինարարության մեջ ներգրավել ողջ հայության ներուժն ու հնարավորությունները։ XXI դարում Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքներն իրենց բնույթով գլոբալ են և պահանջում են քաղաքակրթական ֆրեյմի մշակում, որի շրջանակներում հնարավոր է դառնում նման շինարարության ծավալումը։ Հաշվի առնելով սպառնալիքների բնույթն ու մասշտաբը՝ միայն բեկումնային կայուն զարգացումը թույլ կտա պահպանել հայ ժողովրդի պետական ինքնիշխանությունը։

 

Իր ելույթում Հայկ Տրունյանը նշեց, որ գիրքն իրենից ներկայացնում է ծանրակշիռ ավանդ գլոբալ աշխարհում հայ ժողովրդի զարգացման, ինչպես նաև Հայաստանի ազգային անվտանգության համակարգերի զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերի իմաստավորման մեջ։ Հեղինակները, տիրապետելով պատերազմի տեսության, ռազմավարական պլանավորման և բարդության փիլիսոփայության խորը գիտելիքներին, կարողացել են ակադեմիական խստությունը համադրել հայ ժողովրդի և նրա անվտանգության համակարգի առջև ծառացած մարտահրավերների գործնական տեսլականի հետ։ Համակարգային վերլուծության և բարդ ադապտիվ համակարգերի տեսության կիրառումը թույլ է տալիս հետազոտել հիմնախնդրի փիլիսոփայական, մշակութային, էթիկական, սոցիալական և կիրառական ասպեկտները (կողմերը)։

 

Ձևավորվող աշխարհում մշակույթն ու տեխնոլոգիաները փոխազդող տիրույթներ են և հասարակական էվոլյուցիայի շարժիչ ուժը։ Ընդ որում, բուն մշակույթը նույնպես կերպափոխվում է՝ դառնալով ավելի ու ավելի տեխնոլոգիականացված և վիրտուալ։ Ընթացող տեղաշարժի արդյունքն է դառնում տեխնոլոգիական ոլորտի, մշակույթի և ընդհանուր առմամբ հասարակության միջև փոխհարաբերությունների փոփոխությունը՝ պահանջելով էթիկայի հետազոտություններ։

 

Էմերջենտ դարաշրջանում փոխվում է մարդը, սոցիալական փոխհարաբերությունները համայնքների շրջանակներում և ընդհանուր առմամբ ազգի մակարդակում։ Ընդ որում, ընթացող փոփոխությունների մասշտաբն ու խորությունը պահանջում են ավելի լայն՝ քաղաքակրթական ֆրեյմի զարգացում, որի շրջանակներում անհրաժեշտ է ձևավորել արձագանքը։ Ազգային պետության պարադիգմը չափազանց նեղ է ստացվում, և այս խնդրի գիտակցումը տեղի է ունենում ուժի բոլոր կայացած կենտրոններում։ Հայաստանն ու հայ ժողովուրդը կանգնած են քաղաքակրթական մասշտաբով զարգացող արձագանքի մշակման մարտահրավերի և անհրաժեշտության առջև։ Ինչպիսի՞ն կարող է լինել հայկական քաղաքակրթությունը՝ Աշխարհը, էմերջենտ դարաշրջանի պայմաններում։

 

Ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանի բեկումնային կայուն զարգացման հրամայականն այն պայմաններում, երբ աշխարհը վերապրում է որակական փոփոխություններ՝ առաջացած թվային բեկման հաջորդ փուլի ծավալմամբ և բեկումնային բաց նորարարությունների ներդրման անհրաժեշտությամբ։ Մարտահրավերներ, որոնց արձագանքի ձևավորման ժամանակ գրքում շարադրված գաղափարներն ու մոտեցումներն, անշուշտ, օգտակար կլինեն։

 

Արեգ Թադևոսյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի բեկումնային կայուն զարգացման հրամայականը ձևավորվում է թվային բեկման հաջորդ փուլի ծավալմամբ և բեկումնային նորարարությունների ու տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված արագընթաց փոփոխությունների համատեքստում։ Նորարարական և տեխնոլոգիական զարգացման օրինաչափությունների, մշակույթի ու հասարակության վրա դրա ազդեցության ընկալումը, ինչին նվիրված է գիրքը, կարևոր փուլ է հայկական բեկման հաջողության համար։

 

Մշակույթի փոխազդեցությունը տեխնոլոգիաների հետ հանգեցնում է դրա տեխնոլոգիականացմանը։ Տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում մշակույթի համար և, զգալի չափով, որոշում դրա զարգացման ուղղությունները, հասարակության կողմից ընկալումն ու տարածումը։ Արդյունքում տեխնոլոգիական մշակույթը դառնում է ընդհանուր առմամբ մշակույթի կարևոր մասը և տեխնոլոգիական մարդուն ձևավորող ակտիվը (կապիտալը)։

 

Մարդու և նրա գործունեության տեխնոլոգիականացումը տեղի է ունեցել մարդկության ողջ պատմության ընթացքում։ Ներկայումս այն ընդունել է հեղափոխության ձև տեղեկատվության և տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ԱԲ-ի տեսքով։ Ծավալվող հեղափոխությունը մարդու մշակութային և սոցիալական տարածությունը դարձրել է գրեթե անսահման։ ԱԲ համակարգերի ի հայտ գալը ավելացրեց նոր չափում, երբ մարդկության պատմության մեջ առաջին անգամ սոցիալական միջավայրի ձևավորմանը մասնակցում է ոչ միայն մարդը, այլև ԱԲ գործակալները։ Տեղի ունեցող փոփոխությունները կրում են տեկտոնական բնույթ և կպահանջեն, ի թիվս այլնի, կրթական համակարգի վերանայում, նոր սերնդի սոցիալականացում։ Մենք կանգնած ենք սերունդների՝ ավանդականի և թվայինի բախման շեմին, ինչը դրսևորվում է մշակույթում, արժեքներում, սոցիալական հաղորդակցության և կրթության մեթոդներում։

 

Թվային աշխարհն ու ԱԲ աշխարհը ծնում են մշակույթի նկատմամբ այլ մոտեցում և այլ պոստուլատներ (ելակետեր)։ Ձևավորվող պայմաններում մշակույթը պետք է դառնա հանրային բարիք, որի հասանելիությունը պետք է դիտարկվի որպես մարդու իրավունք։ Կարելի է խոսել հիբրիդային՝ իրական և վիրտուալ աշխարհի ձևավորման մասին, երբ չափազանց դժվար է կանխատեսել մշակույթի ապագան իր բոլոր ձևերում՝ հոգևոր, խորհրդանշական, նյութական, տեխնոլոգիական և այլն։

 

Այն, ինչ կասկած չի հարուցում՝ մենք պետք է իմաստավորենք, թե ինչպես է հայկական մշակույթը հարմարվում էմերջենտ դարաշրջանին։ Սա իր բնույթով գլոբալ մարտահրավեր է, որը կպահանջի XXI դարի և երրորդ հազարամյակի հայկական քաղաքակրթության ֆրեյմի զարգացում։ Գիրքը կարևոր փուլ է տեխնոլոգիական ոլորտի գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների իմաստավորման ճանապարհին, որոնց արձագանքները մենք դեռ պետք է ձևավորենք։

 

Հեղինակներ:
1173 Դիտում